2 Kings 24
1 Հովակիմի օրոք Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան ելավ կռվի։ Հովակիմը երեք տարի նրան հպատակ եղավ, բայց հետո ապստամբեց նրա դեմ։
2 Տերը Հովակիմի դեմ ուղարկեց քաղդեացիների, ասորիների, մովաբացիների և ամովնացիների կողոպտիչ զորքը։ Նա նրանց Հուդայի երկրի դեմ ուղարկեց, որպեսզի սպանեն նրա բնակիչներին, ինչպես ասել էր Տերն իր մարգարեների միջոցով։
3 Տերը բարկացել էր Հուդայի երկրի վրա, նրան իրենից հեռու վանել Մանասեի կատարած մեղքերի պատճառով, այն անմեղ արյան համար, որ նա թափել էր
4 ու Երուսաղեմը լցրել այդ անմեղ արյամբ։ Տերը չուզեց ներել նրան։
5 Հովակիմի մնացած գործերը և այն ամենը, ինչ նա արել է, նկարագրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։
6 Հովակիմը գնաց իր նախնիների գիրկը, և իր փոխարեն թագավորեց իր որդին՝ Հովաքինը։
7 Եգիպտոսի փարավոնն այլևս իր երկրից դուրս չեկավ, որովհետև Բաբելոնի արքան գրավել էր Եգիպտոսի հեղեղատից մինչև Եփրատ գետը, այն ամենը, ինչ պատկանում էր Եգիպտոսի արքային։
8 Հովաքինը տասնութ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեք ամիս թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Նեսթա էր, նա երուսաղեմացի Ելամաթի դուստրն էր։
9 Հովաքինը չարիք գործեց Տիրոջ առջև՝ կրկնելով իր հոր բոլոր արարքները։
10 Այդ ժամանակ Երուսաղեմի դեմ ելավ Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան, եկավ ու պաշարեց քաղաքը։
11 Բաբելոնի արքան մտավ Երուսաղեմ քաղաքը, երբ նրա զորականները պաշարված էին պահում այն։
12 Այն ժամանակ Հուդայի երկրի արքա Հովաքինը, իր զորականները, մայրը, իշխանները, ներքինիները գնացին բաբելացիների արքայի մոտ, և բաբելացիների արքան իր թագավորության ութերորդ տարում գերեվարեց նրանց։
13 Նա հանեց Տիրոջ տան բոլոր գանձերը, թագավորի տան գանձերը, ջարդեց այն բոլոր ոսկե անոթները, որ Իսրայելի Սողոմոն արքան պատրաստել էր տվել Տիրոջ տաճարի համար, ինչպես ասել էր Տերը։
14 Ամբողջ Երուսաղեմը, բոլոր իշխաններին ու քաջամարտիկներին՝ տասը հազար հոգի, գերեվարեց, բոլոր հյուսներին ու դարբիններին տարավ։ Երկրի աղքատներից բացի ոչ ոք չմնաց։
15 Նա Հովաքինին, թագավորի մորը, նրա կանանց ու ներքինիներին, երկրի զորավոր մարդկանց Երուսաղեմից գերության տարավ Բաբելոն։
16 Բաբելոնի արքան գերեվարեց նաև յոթ հազար պատերազմողների, հազար հյուսների ու դարբինների՝ ամենքն էլ քաջ պատերազմիկներ, և գերության տարավ Բաբելոն։
17 Բաբելոնի արքան նրա փոխարեն թագավոր նստեցրեց նրա որդուն՝ Մեթթանիային, և նրա անունը դրեց Սեդեկիա։
18 Սեդեկիան քսանմեկ տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Ամատել էր։ Նա լեբնացի Երեմիայի դուստրն էր։
19 Սեդեկիան Տիրոջ առջև չարիք գործեց, ինչպես արել էր Հովաքինը։
20 Տերը բարկացել էր Երուսաղեմի ու Հուդայի երկրի վրա այն աստիճան, որ Տերը նրանցից երես թեքեց։ Սեդեկիան ապստամբեց բաբելացիների արքայի դեմ։